Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում նախանշված ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Հովհաննիսյան
Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին: Այս մասին Armtimes.com -ի հարցին ի պատասխան ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչ պատճառով, Հովհաննիսյանը պատասխանեց, որ այլ տեղեկություններ չի կարող հայտնել:
ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 1-ից 11-ը: Զորավարժություններին մասնակցելու է շուրջ 10 երկիր, որոնց թվում են Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Ուկրաինան, Թուրքիան:
Նախորդ տարի Հայաստանը չէր մասնակցել նաեւ Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության:
Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող մեկ այլ՝ Agile Spirit զորավարժությանը, որին Երևանը նախ հաստատել էր մասնակցությունը, ինչպես հայտարարել է Վրաստանի ռազմական գերատեսչությունը, ապա զորավարժության նախօրեին հրաժարվել մասնակցությունից՝ առանց պատճառը նշելու: Օրեր անց այն ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե Վրաստանում անցկացվող զորավարժություններին Հայաստանը չի մասնակցել՝ ելնելով այդ զորավարժության եւ մեր փոխգործակցության ՆԱՏՕ-ի հետ խնդիրների չհամընկնելու կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չհամընկնելու պատճառով: