Բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որ մարդուն արագ մահ պատճառվի. Մանվել Գրիգորյանի պաշտպան
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննությունը դեռ ընթանում է, սակայն նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն մեզ, արդյունքների մասին տեղեկացված չենք: Այսօր եմ տեսակցել պարոն Գրիգորյանին, շատ վատ էր առողջական վիճակը, օր օրի ավելի վատանում է: Քանի որ նա ժամանակին քիմիան չի ստացել եւ շաքարը բարձրանում է, հիվանդությունները զարգանում են: Այսօր կոնկրետ նոր խնդիրներ ուներ, եւ կրկին բժշկի ենք դիմել, որ այցելի: Սակայն կալանավայրի պայմաններում այդ ամենը կազմակերպելը մի փոքր բարդ է եւ արդյունավետ չի, միեւնույն է, հիվանդությունները զարգանում են, եւ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որ մարդուն արագ մահ պատճառվի: Ամեն ինչ անում ենք, որ գոնե հետաձգենք այդ պահը»,- ասաց պաշտպանը:
Արսեն Մկրտչյանը հավելեց, որ իրենց առաջնահերթ խնդիրն այս պահին Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելն է, ինչից հետո կանցնեն ակտիվ պաշտպանական գործողությունների: «Մեզ այժմ պետք է, որ մարդը ողջ լինի, ես չեմ ասում առողջ, քանի որ առողջ այլեւս չի լինի: Դրանից հետո միայն կանցնենք ակտիվ պաշտպանական գործողությունների»,- ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, սակայն մինչեւ հիմա այն վարույթ չի ընդունվել: Իրենք նաեւ մի շարք միջնորդություններ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Պաշտպանի խոսքով՝ նախաքննությունը շարունակվում է, քննչական գործողություններ են իրականացվում Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ, նա գործով ցուցմունք է տվել: