Մարուքյանը հերքել է, որ «Ելք» խմբակցությունից ստորագրել են Ռ. Քոչարյանին երաշխավորություն տալու համար
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե իրենց խմբակցությունից ստորագրել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորություն տրամադրելու մասին պատգամավորների դիմումում։
«Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց…», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ Քոչարյանին պատգամավորական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու մասին դիմումը, ինչպես ավելի վաղ հայտնել էին փաստաբանները, արդեն ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Առայժմ հայտնի է, որ դիմումը ստորագրողների գերակշիռ մեծամասնությունը Հանրապետական խմբակցության պատգամավորներ են եղել, ինչպես նաև պատգամավորներ Դաշնակցություն խմբակցությունից։