Բաց նամակ Աննա Հակոբյանին, Լիլիթ Մակունցին և Արթուր Վանեցյանին
Թավշյա հեղափոխության մասնակից Արսեն Սարգսյանը, ով բնակվում է Մոսկվայում, բաց նամակ է հղել Աննա Հակոբյանին, Լիլիթ Մակունցին և Արթուր Վանեցյանին: Նամակում ասված է.
«Թավշյա հեղափոխության՝ Մոսկվայում ապրող հարյուրհազարավոր համակիր հայերի անունից իմ վրդովմունքն եմ հայտնում նախօրեին Եզրաս սրբազանի ձեռքերից մեդալներ ստանալու կապակցությամբ։
Ապրիլի 22-ին մենք Մոսկվայում դուրս էինք եկել եկեղեցու դիմաց՝ պաշտպանելու Ձեր և մեր իդեալները, իսկ Եզրասը առանց վայրկյան իսկ վարանելու ոստիկանություն կանչեց, որը ձերբակալեց տասնյակ հայերի, իսկ նա անգամ աչքը չթարթեց ո՛չ այդ պահին, ո՛չ դատավարությունների ընթացքում։
Իսկ այսօր դուք այդ մարդու ձեռքից մեդալ եք ստանում և ցուցադրականորեն նկարվում նրա հետ։ Ես ամաչում եմ ձեր փոխարեն և ինձ դավաճանված եմ զգում ձեր կողմից։
Այս տեսակետը կիսում են իմ համախոհ բազմաթիվ հայեր։
Նրանց անունից՝ Արսեն Սարգսյան
Թավշյա հեղափոխության մասնակից, Մոսկվա»: