«Երևանյան ամառ 2018». հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղ՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղ: «Երևանը՝ բոլորի համար» խորագրով հաշմանդամություն ունեցող անձանց համար անցկացված միջոցառման նպատակն է խրախուսել նրանց մասնակցությունը մարզամշակութային կյանքին, ինչպես նաև մարդկանց մեջ սերմանել այն մտածելակերպը, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես հասարակության լիարժեք անդամներ են:
Ցուցադրական խաղն անցավ աշխույժ մրցակցության մթնոլորտում և մասնակիցների բարձր տրամադրությամբ: Թերևս, սա այն եզակի խաղերից էր, որտեղ, անկախ վերջնական հաշվից, չկային պարտվողներ, քանզի յուրաքանչյուր մարզիկի սահադաշտ դուրս գալն արդեն հաղթանակ էր:
Նշենք, որ նմանատիպ միջոցառումները «Երևանյան ամառ 2018» ծրագրի շրջանակում կշարունակվեն մինչև ամառվա վերջ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն