Սաբոտաժ չի կատարվում. «Սանիթեք»-ը եւս մեկ անգամ ներողություն է խնդրում
«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցել է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
«Ընկերության տնօրինությունն անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Սանիթեքը» վստահեցնում է, որ Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:
Ընկերությունն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում տարածքում գտած այն մտքին, որ «Սանիթեքը» սաբոտաժ է անում եւ չի իրականացնում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:
««Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մի շարք ակտիվիստներ մի քանի օր շարունակ քաղաքում բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նա հրաժարական ներկայացրեց հուլիսի 9-ին։