Պավլիկ Մանուկյան. «Պատահական» կրակել է ոչ թե Ս. Բարսեղյանը, այլ Էդ. Գրիգորյանը (տեսանյութ)
«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից ազատամարտիկ Պավել Մանուկյանը, դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին, անսպասելի հայտարարություն արեց, որն անակնկալ էր ոչ միայն մյուս ամբաստանյալների, այլեւ նիստին հետեւող քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Նա խոսեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի մասին, որոնք, հիշեցնենք, մեղադրվում են ոստիկանների սպանության համար. Սմբատ Բարսեղյանին երկու, իսկ Բիլյանին՝ մեկ ոստիկանին սպանության մեղադրանք է առաջադրված:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրը եւ դրան հաջորդած օրերին որոշակի հանգամանքներում զոհվել են ոստիկաններ Յուրի Տեփանոսյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Արթուր Վանոյանը:
«Բիլյանը եւ Բարսեղյանը մեղադրում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն: Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցից ձեռքից վիրավորված անձը հետագայում մահացավ արյան վարակից(նկատի ունի վիրավորված ոստիկաններից մեկին):
Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ՝ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»,-հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:
Մանրամասները նաեւ Hraparak.am-ի տեսանյութում: