Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե գերեվարվել է հայ հետախույզ. հանգամանքները ճշտվում են
Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցվել ու գերեվարվել է «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այս տեղեկատվության վերաբերյալ ներկայացրել է ոստիկանության պարզաբանումը, համաձայն որի, հիշյալ Կարեն Ղազարյանի հետախույզ լինելու մասին լուրերը ճիշտ չեն եւ նրա՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին հանգամանքները ճշտվում են:
Աշոտ Ահարոնյանը գրել է. «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:
Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը եւ այս հայտարարության առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել, որում նշված է.
«ՀՀ ՊՆ- ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ- երում։
Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,-գրել է ՊՆ խոսնակը: