«Ես չեմ ընկալում Հայաստանի նոր իշխանությունների առաջարկը՝ ներգրավել Ղարաբաղը որպես նոր ձևաչափ, թարմացնում են այն, ինչ եղել է»․ Ս․ Գրիգորյան (Տեսանյութ)
Հունիսի 29-ին Հանրային դիվանագիտության կենտրոնը Մեդիա կենտրոնի աջակցությամբ կազմակերպել է «Ղարաբաղյան խնդիրը նոր քաղաքական պայմաններում. Թուրքիայի գործոնը» խորագրով քննարկում:
Քննարկման շրջանակներում փորձագետները անդրադարձել են քաղաքական փոփոխությունների ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նոր մոտեցումներին հայ-թուրքական հարաբերություններում, Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքներին և Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հետ կապված բազում այլ հարցերին:
Բանախոսներն են՝
Վարուժան Գեղամյան, թուրքագետ
Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ
Երվանդ Բոզոյան, քաղաքագետ, «Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ։
Նոր Կառավարության ձևավորումից հետո արցախյան հարցով բանակցային գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հստակ է մի բան, որ ՀՀ-ն պետք է անընդհատ թարմացնի այս հարցով իր դիրքորոշումները։
Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ես առաջարկում եմ, որ ՀՀ նոր իշխանություններն Ադրբեջանին ասեն, որ պատրաստ են բանակցել, պատրաստ են խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը և որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին»,- ասաց նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ Ղարաբաղին բանակցություններին ներգրավելը նորություն չէ․ «Ես չեմ ընկալում Հայաստանի նոր իշխանությունների առաջարկը ներգրավել Ղարաբաղը որպես նոր ձևաչափ կամ նոր ինչ-որ բան, թարմացնում են այն, ինչ եղել է»։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։