Բացահայտվել են «Դիվա» գիշերային ակումբի մոտ դանակահարություն ու կրակոցներ արձակողները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են երեկ՝ հունիսի 23-ին, Բագրևանդի փողոցում՝ «Դիվա» գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և կատարողների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հրայր Վարդանյանը և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Յուրի Փուրթոյանը։
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ նրանց հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Գագիկ Գալստյանը և 29-ամյա Մերուժան Դեմուրչյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Գալստյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել քրեական հետախուզության օպերլիազորների կողմից, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, որով նա ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ է արձակել, իսկ Մ. Դեմուրչյանը ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավված է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, իսկ վիրավորներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Կասկածյալ Գ. Գալստյանն ու Մ. Դեմուրչյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 23-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Մանրամասները՝ Shamshyan.com -ում: