«1996 թ.-ից ԵԿՄ կոչված հրոսակախմբին թույլ էր տրվում անել ամեն ինչ» (տեսանյութ)
Երկրապահ կամավորների միությունը պետք է լուծարվի, կարծում է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
«Պետք է Շվեյցարիայի մեթոդով լինեն կամավորական ջոկատները և լինեն պետության վերահսկողության տակ»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Իշխանյանի՝ մերօրյա ԵԿՄ-ում կոռուպցիոն բացահայտումների հիմքերը գալիս են դեռևս 90-ականներից։
«Ցավոք սրտի 90-ականներից ոչ թե փորձ արվեց ստեղծելու պետություն ու ուժեղացնելու այն, այլ միայն իշխանություն ստեղծվեց և այն ամրապնդվեց։ Սրանք տարբեր բաներ են։ Իշխանությունը չձևավորվեց ժողովրդի քվեով և իշխանության հենարանը դարձավ ուժային կառույցները։ Տարբեր տիպի անձինք իրենց հրոսակախմբերով արտոնված էին ու իրենց պատիժ չէր հասնում»,-նշում է նա ։
Ավետիք Իշխանյանն այդ առիթով հիշատակում է 90-ականներից մի դեպք, երբ ինքն էլ անձամբ ՀՀՇ անդամ էր։
«Երբ ՀՀՇ իշխանություն էր, մի դեպք եղավ, անուններ չեմ տա, Ղարաբաղ կոմիտեի անդամներից մեկի եղբայրը, Մասիսում ընկերների հետ քեֆ անելու ժամանակ կրակել էր, մարդ էր վիրավորվել։ Ոստիկանությունը ձերբակալել էր նրան։ Ժողովի ընթացքում դա էին քննարկում, շատ վախվորած մի քանիսը ասացին, որ անօրինականություն է եղել։ Հետո տեսա, թե ինչ կատարվեց ժողովում. «Մեր տղերքն են, մի բան է արել են խմած, սա ոստիկանության կողմից սաբոտաժ է մեր նկատմամբ»։ Նրանք ազատվեցին, հանցագործություն անողը դարձավ քաղաքապետ»,- նշեց Իշխանյանը։
Նա պնդում է, որ 1995 թվականին, երբ ստեղծվում էր ԵԿՄ-ն, շատ է ասվել, որ պետության մեջ զինված խումբը օրինականացնելը չի կարելի.
«Բայց ո՞վ կարող էր Վազգեն Սարգսյանի դեմ խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորչությամբ»։
Ավետիք Իշխանյանը Երկրապահ կամավորականների մասին իր խոսքով մի շարք «սխրագործություններ» ներկայացրեց սկսած նրանց ստեղծման օրվանից՝ 1995 թվականից։
Մանրամասները` A1plus.am-ի տեսանյութում: