Թեժ կրքեր՝ Հ1-ում
Օրերս Հանրային հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ ֆեյսբուքյան բաց նամակով դիմել էին Հ1-ի ղեկավարությանը՝ բողոքելով ցածր աշխատավարձերից: Քանի որ նամակն անստորագիր էր, Հանրայինի ղեկավար կազմը որոշել է իր մեթոդներով բացահայտել հրապարակային նամակի հեղինակներին: Ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը Հ1-ի բոլոր խմբագրություններում ժողովներ է հրավիրել՝ զրույցների միջոցով պարզելու նամակագիրներին:
Մի ժողով էլ «Օրակարգ» լրատվականում է արել, որը բավականին տհաճ տպավորություն է թողել: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ նամակի հեղինակներին այդպես էլ չի բացահայտել, փոխարենը աշխատանքից ազատել է «Օրակարգ»-ի տնօրեն ու մեկնաբան Արտակ Հերիքյանին, ում մասին օրեր առաջ ասում էին, որ կմնա ու կփոխարինի Հարություն Հարությունյանին: Հերիքյանին են միացել նաեւ երկու մեկնաբաններ՝ Տարոն Կոխլիկյանն ու Լառա Առաքելյանը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ էլ աշխատանքից ազատվել էր Հ1-ի լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը: Ըստ մեր աղբյուրի՝ Մարգարիտա Գրիգորյանին չի գոհացրել, որ նախորդ իշխանությունների օրոք իրեն հեռու են պահել լրատվականից, եւ որ ինքը որեւէ ազդեցություն չի ունեցել դրա նկատմամբ, մինչդեռ հիմա ստիպված է պատասխան տալ այլոց փոխարեն: Հիմա լուրերի պատասխանատվությունը դրված է Մարգարիտա Գրիգորյանի վրա։