Սա Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն գործն է. Փաշինյան
Նախօրեին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը եւ նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել եւ առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, ուզում եմ արձանագրել, որ գործ ունենք Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն արտահայտման հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության արտահերթ նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս գործն առանձնանում է նրանով, որ բացահայտումները ցնցող ու շոկային են հայ հանրության համար. «Ես շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, նաեւ խնդրել եմ շնորհակալության խոսքերը փոխանցել ԱԱԾ աշխատակիցներին: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել, դրան նախորդել է ծավալուն աշխատանք, որի ընթացքում նաեւ որոշակի օրակարգ ենք ձեւակերպել, որը վերաբերում է նաեւ իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին:
Ես առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրեմ այս թեմայով, որ այս հարցում հստակեցումներ մտցնենք եւ զարգացնենք իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով. «Գործ ունենք կոռուպցիոն մեծամասշտաբ երեւույթի հետ: Գործը հանձնվել է ՀՔԾ-ին, եւ հույս ունեմ, որ գլխավոր դատախազությունը կապահովի քննության պատշաճ մակարդակը: Ոչ ես, ոչ հայ հանրությունը չենք տեսնում որեւէ խոչընդոտ, որ այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն եւ պատասխանատվության կանչվեն՝ անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից եւ այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչեւ վերջ, ոչ մի խոչընդոտ չկա ու չի կարող լինել: Կոռուպցիայի հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, Կոռուպցիան ՀՀ-ից արմատախիլ է արվելու, թող ոչ ոք չկասկածի, որ դրան հասնելու ենք»,-ընդգծեց վարչապետը:
Մանրամասները՝ NEWS.am- ում: