Խայտառակություն է, երեւույթը որեւէ արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի մասին (Տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունը նախկինում ասել է եւ այժմ էլ ասում է՝ ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առջև որևէ կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԾ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի սենսացիոն բացահայտումներին:
«Ես նախ եւ առաջ կրում եմ պատասխանատվություն իմ կուսակցության եւ իմ արարքների համար: Իմ ճակատը բաց է եւ շատ բաց ճակատով եմ ասում՝ ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Երեկվա դեպքի մասին՝ եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, սրան արդարացում չկա»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ իր ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը՝ Շարմազանովը հայտնեց, որ առաջին հերթին հետաքրքրվել են գեներալի առողջությամբ. «Մանվել Գրիգորյանը նշել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։ Այդ ժամանակ Արցախյան պատերազմի մասնակիցներին ուղարկած նամակների, «պայոկների» հետ կապված խնդիր չի եղել։ Արարքը կատարվել է, այն արդեն դատապարտելի է, սա խայտառակությունն է, իսկ ում կողմից է կատարվել, երբ է կատարվել, սա արդեն ԱԱԾ-ն թող բացահայտի։ Երեւույթը որեւէ արդարացում չունի»:
Մանրամասները՝ A1plus.am-ի տեսանյութում: