Իր զորքը սահմանին՝ Ադրբեջանը սպասում է, թե ինչ կլինի Հայաստանում
Ադրբեջանը ապրիլից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում զորամիավորումներ է կուտակել, որոնք մինչ այս պահը հետ չի քաշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանի այս խոսքը վկայում է, որ Ադրբեջանը դեռևս շարունակում է հույս ունենալ, որ Հայաստանի կամ Արցախի ներքաղաքական խնդիրները կարող են այնքան խորանալ, որը նա կկարողանա ազատ որոշակի քայլեր իրականացնել:
Ադրբեջանում լավ են հասկանում, որ հիմա Հայաստանում և Արցախում առավել շատ տարված են ներքաղաքական հարցերով: Ու եթե ներքաղաքական իրավիճակը հայկական երկու պետություններում լարվի, ապա վստահ կարելի է լինել, որ Ադրբեջանը կդիմի սադրանքի:
Այս պատճառով է, որ այդ պետությունը շարունակում է սահմանին պահել զորքն ու զինտեխնիկան: Ադրբեջանում չեն ցանկանում կորցնել հարմար առիթը ու պատրաստ սպասում են, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Հայաստանում: