Արծրուն Հովհաննիսյան. Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ
ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք են կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքներն ընթանում են բնականոն, և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չեն որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումներն ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: