«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը. Armlur.am

Առաջին հանրապետության հիմնադրման և վերացման պատճառների մասին. Մաս 2

Մաս 1

Նախաբան

Մեր տարածաշրջանում 1918-20թթ. իրադարձությունները Ճիշտ հասկանալու համար նախ հակիրճ ներկայացնենք այդ ժամանակահատվածի պատմական քրոնիկոնը: Տվյալ հոդվածում ընդգրկված է 1919թ. մայիսից մինչև 1920թ. մայիսը:

Եվ այսպես, դիտարկենք հիմնական խաղացողների ծրագրերը տվյալ փուլում և նրանց դիրքորոշումների էվոլյուցիան' Հայկական հարցի լուծման տեսանկյունից:

1.Անգլիացիների նպատակները և նրանց դիրքորոշման փոփոխության պատճառները

Եվ այսպես, անգլիացիները, լուրջ վերլուծություններից հետո, տարածաշրջանի հեռանկարի վերաբերյալ եկել էին հետևյալ եզրակացության.

1. Արևելյան Անատոլիայում հնարավոր է ձևավորել 2 անկախ պետություն' Հայաստան և Քրդստան, եթե հայերն ու քրդերը սահմանների հարցում ընդհանուր հայտարարի գան: Հակառակ դեպքում, այդ տարածաշրջանը կրկին կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ:

2. Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հաստատել կայուն խաղաղություն, եթե Նախիջևանն ու Շարուրը հայտնվեն Հայաստանի կազմում, իսկ Ղարաբաղը' Ադրբեջանի: Զանգեզուրի խնդիրը պետք է լուծվեր ապագա բանակցությունների ընթացքում։ Հակառակ դեպքում, ողջ Անդրկովկասը կարող է հայտնվել Նոր Ռուսաստանի վերահսկողության տակ:

3. Ժամանակը աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի օգտին, և այս խնդիրների շուրջ բանակցությունների անցկացման ձգձգումը շահեկան է միմիայն վերը նշված երկու պետություններին:

1919թ. շարունակ բանակցելով հայերի, քրդերի և ադրբեջանցիների հետ՝ անգլիացիները եկան հետևյալ եզրակացության.

Ա. Հայերի շրջանում «թաքնված» կողմնորոշում կա դեպի Ռուսաստան, իսկ ադրբեջանցիների շրջանում, նույնպես «թաքնված» կողմնորոշում, դեպի Թուրքիա: Այդ իսկ պատճառով, նշված երկու ժողովուրդների համար ընդհանուր հայտարարի գալն անչափ դժվար կլինի:

Բ. Հայ - քրդական դաշինքը նույնպես գրեթե անհնար է:

Ելնելով այդ հանգամանքներից՝ անգլիացիները հասկացան, որ այս ժողովուրդների հանդեպ խնամակալի դեր կատարելն անչափ անշնորհակալ գործ է, քանի որ իրենցից դժգոհ են մնում գրեթե բոլորը: Այդպիսով, նրանք որոշեցին լվանալ իրենց ձեռքերը և դուրս գալ խաղից՝ այս տարածաշրջանում խնամակալի դերը հաճույքով տրամադրելով Միացյալ Նահանգներին:

Նկատենք, որ անգլիացիները լուրջ շահեր ունեին Իրաքում ու Մոսուլում, և նրանց ձեռնտու չէր Թուրքիայի՝ ժամանակից շուտ վերածնունդը: Անգլիացիներն ամեն ինչ անում էին, որպեսզի օր օրի հզորացող քեմալական շարժումը չեզոքացվի: Դա էր պատճառը, որ 1919թ. սեպտեմբերին անգլիացիները, քրդերի միջոցով, մահափորձ կազմակերպեցին Քեմալի դեմ Սեբաստիայում՝ քեմալականների կոնգրեսի աշխատանքների ընթացքում: Փորձն անհաջող եղավ։ Իսկ երբ 1920թ. հունվարին քեմալականների ճնշման տակ Ստամբուլում թուրքական պառլամենտն ընդունեց Թուրքիայի անկախության հռչակագիրը' «Ազգային ուխտը», անգլիական զորքերը մտան քաղաք և ցրեցին պառլամենտը, Քեմալին և նրա կողմնակիցներին էլ հայտարարեցին օրենքից դուրս:

Անգլիացիները հասկանում էին, որ միմիայն Հայաստանի ջանքերով հնարավոր չէ չեզոքացնել քեմալականների վտանգը։ Պետք էր ոտքի հանել նաև քրդերին:

1920թ. ապրիլի 19-26-ը կայացած Անտանտայի կոնֆերանսում անգլիացիները վերջին անգամ հայերին խնդրեցին հրաժարվել «չափից դուրս մեծ ամբիցիաներից», միանալ քրդերին՝ ընդդեմ թուրքերի, քանի որ հետո ուշ կլինի: Սակայն՝ ապարդյուն։ Հայերը հույսը դրել էին Վուդրո Վիլսոնի վրա:

Սան-Ռեմոյում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը, որը նույնպես հայամետի համբավ ուներ, արդեն զգուշացնում էր դաշնակիցներին. «Մի խաբեք հայերին, նրանք ի վիճակի չեն լինի սեփական ուժով պաշտպանելու իրենց սահմանները, և ո՛չ մի գերտերություն, նույնիսկ մեծ բատալիոնով, չի աջակցի նրանց»: Սա, թերևս, անգլիացիների վերջին նախազգուշացումն էր հայերին: Հետագայում, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, և հայկական հարցը դուրս եկավ միջազգային ասպարեզից, Լլոյդ Ջորջը նշեց. «Հայերը դարձան միջազգային դիվանագիտության զոհը»:

2.Ամերիկացիների նպատակները և նրանց դիրքորոշման փոփոխության պատճառները

1919թ. մայիսի 14-ին Փարիզյան կոնֆերանսում այսպես կոչված «4-ի խորհուրդը» որոշեց Հայաստանի կառավարման մանդատը հանձնել Միացյալ Նահանգներին:

Նահանգներում «Հայկական հարցի» շուրջ կար երկու տեսակետ: Առաջինն այն էր, որ ԱՄՆ-ը պետք է ամբողջովին աջակցի «Մեծ Հայաստանի» ստեղծմանը, և դա կլինի համաշխարհային գերտերություն դառնալու' Միացյալ Նահանգների դեբյուտը: Այս տեսակետները բաժանում էին ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության մեծ մասը և երկրի տնտեսական վերնախավի այն մասը, որը շահագրգռված էր միջինարևելյան նավթով: Այդ ուժերի ներկայացուցիչն ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնն էր:

Սակայն Միացյալ Նահանգներում կային նաև այս ուղենիշի ընդդիմախոսներ: Նրանք, վկայակոչելով Մոնրոյի հայեցակարգը, դեմ էին, որ Միացյալ Նահանգները զգալի ռեսուրսներ ծախսի Եվրոպայում կամ Միջին Արևելքում: Այդ հակասությունների հարթեցման նպատակով 1919թ. ամռանը տարածաշրջան ուղարկվեց հանձնախումբ' գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Հանձնախումբը կազմված էր 50 հոգուց՝ զինվորականներից, իրավաբաններից, տնտեսագետներից, ազգագրագետներից, այլ մասնագետներից: Հավաքելով տարբեր տիպի հսկայական տեղեկություն՝ հանձնախումբը եկավ այն եզրակացության, որ «Ծովից ծով Հայաստանի» մանդատը վերցնելը հնարավոր կլինի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգների մանդատի տակ հանձնվի նաև ողջ Անդրկովկասը և Թուրքիան՝ Բոսֆորով ու Կոնստանդնուպոլսով:

Ըստ հանձնախմբի եզրակացության՝ այս ամենի իրականացման համար անհրաժեշտ են հարյուրմիլիոնավոր դոլարներ և մոտ 200 000-անոց բանակ, որից միայն 59 000-ն անհրաժեշտ է «Մեծ Հայաստանի» սահմանները պաշտպանելու նպատակով:

Հայաստանի մասով Միացյալ Նահանգների վերջնական որոշումը կախված էր նաև միջազգային իրադրությունից: 1920թ. գարնանը խորհրդային զորքերը գրավել էին Ադրբեջանը, իսկ քեմալականները Թուրքիայում վերահսկում էին երկրի մեծ մասը: Այդ ամենը հաշվի առնելով՝ ամերիկյան քաղաքական վերնախավի մեծ մասը հանգում էր այն եզրակացության, որ Վաշինգտոնը չի կարող խնամակալի դեր ստանձնել Հայաստանի նկատմամբ, քանզի դրա համար անհրաժեշտ է պատերազմական գործողությունների մեջ մտնել Կովկասում բոլշևիկների հետ, իսկ Անատոլիայում' Թուրքիայի: Այսինքն, Հարբորդի հանձնաժողովի հավաքած տեղեկությունների հիման վրա, ուժերի հավասարակշռությունը փոփոխվելու պատճառով, ավելի շատ զորք էր պետք ուղարկել տարածաշրջան: Քանզի, առանց ամբողջ այս տարածաշրջանի վրա մանդատ վերցնելու (Թուրքիա, Անդրկովկաս), առանձին վերցված Հայաստանի խնամակալության մասին խոսելն անլուրջ է:

Ահա այս եզրակացության հիման վրա էլ ամերիկյան Սենատը 1920թ. հունիսի 1-ին պաշտոնապես մերժեց ԱՄՆ-ի կողմից խնամակալի դերը Հայաստանի նկատմամբ:

ԱՄՆ-ի Սենատի որոշումը մեկնաբանելով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. «Մեծ Հայաստանի գաղափարը դարձավ անհուսալի և ոչ իրատեսական նախագիծ»:

Նշենք, որ սա վերջին «մեսիջն» էր, որ ամերիկացիներն ու անգլիացիներն ուղարկում էին Հայաստանի այն ժամանակվա քաղաքական վերնախավին:

3.Ինչպիսի՞ն էր Թուրքիայում տիրող իրավիճակը

Թուրքիան այն ժամանակ նման էր ծանր վիճակում գտնվող վիրավոր արջի' ուժասպառ էր, սակայն՝ դեռևս անչափ վտանգավոր:

1919թ. գարուն-ամառ ժամանակահատվածում այդ երկրում առկա էր երեք հիմնական քաղաքական հոսանք:

1-ին հոսանքը ներկայացնում էր Մեծ Վեզիր Դամադ Փերիդ փաշան։ Նա անգլիացիների դրածոն էր և ներկայացնում էր փաստացի պարտված Թուրքիան: Դամադ Փերիդ փաշան «դե յուրե» վավերացնում էր բոլոր այն որոշումները, որոնք փաստացի ընդունվում էին անգլիացիների կողմից: Մասնավորապես՝ Դամադ Փերիդ փաշայի կառավարությունը դատական գործընթացներ սկսեց երիտթուրքերի նկատմամբ: Այսպես, 1919թ. թուրքական դատարանի վճռով Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազըմը հայկական կոտորածներ կազմակերպելու համար հեռակա դատապարտվեցին մահվան: Ընդունվեցին նաև այլ դատավճիռներ, որով երիտթուրքերի բազմաթիվ ներկայացուցիչներ դատապարտվեցին կա՛մ մահվան, կա՛մ էլ տարբեր ժամկետների բանտարկության: Նշենք նաև, որ Դամադ Փերիդ փաշայի կառավարությունը չնչին հեղինակություն ուներ Թուրքիայի ներսում, սակայն նրան ջերմորեն աջակցում էին Թուրքիայից դուրս' Լոնդոնում, Փարիզում, Հռոմում և այլուր: Եվ ինչքան շատ էին նրան հարգում Թուրքիայից դուրս, այնքան նրա վարկն ավելի շատ էր ընկնում Թուրքիայի ներսում: Ի դեպ, հենց այս ուժերի ներկայացուցիչներն էին, որ 1920թ. օգոստոսի 10-ին կնքեցին Սևրի պայմանագիրը՝ ճանաչելով «Մեծ Հայաստանը», արաբների ինքնորոշման իրավունքը և «Մեծ Հունաստանը»: Այն ժամանակվա թուրքերի ճնշող մեծամասնությունն այս ուժերի ներկայացուցիչներին անվանում էր պետության դավաճաններ:

2-րդ քաղաքական հոսանքը երիտթուրքերն էին: Նրանք քաղաքականապես պարտվել էին, և նրանց «Մեծ Թուրանի» գաղափարը, իրատեսական չլինելու պատճառով, հեղինակություն չէր վայելում թուրքերի շրջանում, քանզի իրենց բոլոր պարտությունները կապում էին հենց երիտթուրքերի հետ:

3-րդ քաղաքական հոսանքն այսպես կոչված «Կուվալլի-միլլի» շարժումն էր, որը գլխավորում էր 1-ին համաշխարհային պատերազմում մեծ ռազմական հաջողություններ գրանցած թուրքական գեներալ Մուստաֆա Քեմալ փաշան: Ըստ վերջինիս՝ թե՛ Դամադ Փերիդ փաշան՝ իր պարտվողական քաղաքականությամբ, և թե՛ երիտթուրքերը՝ «Մեծ Թուրանի» ցնդաբանությամբ, մեծ վնաս հասցրին Թուրքիային: Ի հակառակ այս երկու ծայրահեղ հոսանքների՝ նա հռչակեց հետևյալ սկզբունքները.

1. Պանթուրքիզմի և օսմանիզմի հնամաշ գաղափարները փոխարինել թուրքիզմի մոդեռնացված գաղափարախոսությամբ, ըստ որի՝ ապագա Թուրքիա պետության մեջ թուրքերից բացի այլ ազգություն չպետք է ճանաչվեր, իսկ քրդերը պետք է աստիճանաբար ձուլվեին նոր թուրքական ազգին:

2. Կրոնի դերը երկրում էապես նվազեցնել:

3. Թուրքիան պետք է դառնար իրապես անկախ պետություն:

4. Ճանաչվեր արաբների ինքնորոշման իրավունքը:

5. Նոր Թուրքիայի և Հայաստանի սահմանները պետք է անցնեին մինչ 1878թ. ռուս-թուրքական պատերազմը եղած գծով (այսինքն, ներկայիս սահմանով՝ բացառությամբ Սուրմալուի շրջանի, որի վրա Թուրքերն այն ժամանակ հավակնություններ չունեին, և որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում):

6. Հարավ-արևելքում սահմանները պետք է անցնեին Մոսուլով, իսկ հյուսիս-արևելքում' Բաթումով: Բաթումը թուրքերը համարում էին իրենց պատմական տարածքը:

7. Արևմուտքում ոչ մի թիզ հող չպետք է զիջվեր հույներին:

Քեմալականները գիտակցում էին, որ իրենց այս ծրագրերի իրագործումն անչափ դժվար կլինի, քանի որ նրանք միաժամանակ պետք է պայքարեին եվրոպական տերությունների, հույների, հայերի և քրդերի դեմ:

Դեռևս չունենալով ոչ մի դաշնակից՝ նրանք փորձեցին լուծել 2 խնդիր.

Ա. համախմբել թուրքերին' առաջ քաշելով, այսպես կոչված՝ թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի գաղափարը։

Բ. Անընդհատ թշնամանք առաջացնելով' քրդերին ուղղորդել ընդդեմ հայերի և անգլիացիների, հայերին' ընդդեմ քրդերի, ֆրանսիացիներին' ընդդեմ անգլիացիների և այլն:

Այդ նպատակով քեմալականները փորձեցին կապեր հաստատել թե՛ հայերի, թե՛ քրդերի հետ:

Ըստ անգլիական նախագծերի՝ Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթները պետք է հանձնվեին հայերին: Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները պետք է մնային քրդերին, վիճելի էր մնում Վանի ու Բիթլիսի հարցը: Սա նշանակում էր, որ Դիարբեքիրի և Խարբերդի քրդերը կողմ էին հայերի հետ դաշինքին, իսկ Էրզրումի քրդերը խիստ բացասաբար էին տրամադրված հայերի նկատմամբ: Այս իրավիճակը հաշվի առնելով և լավ իմանալով Էրզրումի քրդերի տրամադրությունները՝ 1919թ. հուլիսի 23-ին հենց Էրզրումում Քեմալը անցկացնում է, այսպես կոչված՝ «Արևելյան վիլայեթների պաշտպանության ընկերության» կոնգրեսը: Նույն տարվա սեպտեմբերի 4-ից 11-ը Սեբաստիայում անցկացվեց «Անատոլիայի և Ռումելիայի պաշտպանության ընկերության» կոնգրեսը, որում մերժվեցին հունական և հայկական պահանջները Արևմտյան և Արևելյան Անատոլիաներում:

Իսկ 1920թ. հունվարին, Մուստաֆա Քեմալի ճնշմամբ, Ստամբուլում թուրքական պառլամենտն ընդունեց Թուրքիայի անկախության հռչակագիրը' «ազգային ուխտը», որը կրկնում էր Էրզրումի և Սեբաստիայի կոնգրեսի որոշումները:

Ճիշտ է, անգլիական զորքերը մտան Ստամբուլ և ցրեցին պառլամենտը, իսկ Քեմալին հայտարարեցին օրենքից դուրս, սակայն չկարողացան կանգնեցնել օրեցօր աճող թուրքական ազգայնական շարժումը:

Արդեն ցրված պառլամենտը Քեմալը հավաքեց Անկարայում և 1920թ. ապրիլի 23-ի առաջին նիստում վերահաստատեց իր բոլոր որոշումները։ Պառլամենտը վերանվանվեց Թուրքիայի Մեծ ազգային ժողով։ Քեմալը դիմեց Խորհրդային Ռուսաստանի օգնությանը: Որպես առաջին դրական մեսիջ ռուսներին՝ քեմալականները ռուս բոլշևիկներին գործուն աջակցություն ցույց տվեցին Ադրբեջանի խորհրդայնացման հարցում, և մի քանի օր անց՝ 1920թ. ապրիլի 28-ին, ադրբեջանցի ազգայնականները հայտարարեցին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման մասին:

4.Հայերի դիրքորոշումը

Նախ, մինչ Հայաստանում տիրող քաղաքական մթնոլորտի մասին խոսելը՝ տեսնենք, թե ի՞նչ վիճակում էր գտնվում մեր երկիրն այն ժամանակ: Իսկ վիճակն իսկապես կաթվածահար էր: Դատեք ինքներդ. ա) թույլ զարգացած տարածք, բ) Ռուսական Կայսրության փլուզման հետևանքով քանդված տնտեսական կապեր, գ) 4 տարի տևած տարբեր բնույթի պատերազմների հետևանքներ, դ) երկաթուղային հաղորդակցությունների գրեթե բացակայություն, ե) պարենի պաշարների համարյա թալանված վիճակ, զ) քայքայված, թալանված, կողոպտված շուրջ 300 000 գաղթական, որոնք արդեն կազմում էին ողջ բնակչության 30-35%-ը, է) երկրի բյուջեի սղաճ, որը կազմում էր, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, 250%, ը) համատարած սով և տարբեր բնույթի հիվանդություններ, որից, ի դեպ, ընդամենը 6 ամսվա ընթացքում մահացավ ավելի քան 150 000 մարդ: Տիֆից մահացավ նաև Հայաստանի Հանրապետության կերտողն ու մեծագույն գործիչներից մեկը' Արամ Մանուկյանը:

Այս ամենին գումարվում էին մահմեդական բնակչության գրեթե չընդհատվող խռովությունները: Ահա այս պայմաններում երկիրն Ադրբեջանի հետ գտնվում էր նաև չհայտարարված պատերազմի մեջ:

Եթե փորձենք ձևակերպել մեկ նախադասությամբ, ապա կարելի է պնդել, որ պետությունը ոչ միայն լիարժեքորեն կայացած չէր, այլև գտնվում էր հումանիտար աղետի մեջ, և եթե չլիներ լայնամասշտաբ ամերիկյան օգնությունը, ապա դժվար է ասել, թե միայն սովի և հիվանդությունների պատճառով բնակչության քանի տոկոսը կզոհվեր:

Ահա այս պայմանները հաշվի առնելով՝ դժվար չէր հասկանալ, թե ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ էր տիրում ժողովրդի մեջ: Բոլորը հոգնել էին պատերազմներից, և միաժամանակ բոլոր փախստականներն ուզում էին հետ վերադառնալ «դեպի Էրգիր»:

Ինչպիսի՞ քաղաքական, գաղափարական հոսանքներ կային Հայաստանում 1919-1920 թթ.

Այն ժամանակվա գլխավոր քաղաքական ուժը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն էր: Առաջին հանրապետության հիմնադրման հարցում Դաշնակցության ներդրումը վճռորոշ էր: Այդ կուսակցությունը մեծամասնություն ուներ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում: Դաշնակցությունն էր, որ փորձում էր Ցեղասպանություն ապրած ժողովրդից նոր ուժի բռունցք ստեղծել, հիմնել կանոնավոր բանակ, կայացնել պետականությունը: Ականավոր պետական և ռազմական գործիչների մեծ մասը դաշնակցականներ էին: Պատմականորեն բաժանված արևմտահայերի և արևելահայերի՝ երբեմնի տարբեր կողմնորոշումների և շահերի արանքում հայտնված դաշնակցությունը փորձում էր ստեղծել նոր միասնական շահեր ունեցող ազգ: Իսկ դա անչափ բարդ գործ էր: Դաշնակցությանն էր հարում թե՛ արևմտահայերի, և թե՛ արևելահայերի առավել առողջ մասը, ովքեր ուզում էին կերտել իսկական պետություն:

Իր ազդեցությամբ 2-րդ քաղաքական ուժը Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունն էր, որի վրա մեծ ազդեցություն ուներ Պողոս Նուբարը: Այս կուսակցության հիմնական հենարանն այն արևմտահայ փախստականներն էին, ովքեր հոգնած էին պատերազմներից, սակայն ուզում էին «թախտին նստած» սպասել, թե ինչպես պիտի ամերիկյան քեռի Վուդրո Վիլսոնն իրենց նվիրի «Ծովից ծով Հայաստանը»: Այն ժամանակվա ՀԺԿ-ն իրեն համարում էր Հայ Հեղափոխական Դաշնակցության գլխավոր մրցակիցը և հավակնում էր գլխավոր դեր ունենալ ապագա «Մեծ Հայաստանի» կազմավորման գործում։ Սակայն «դե ֆակտո» գոյություն ունեցող Կովկասյան Հայաստանի հանդեպ քամահրանքով էին վերաբերվում:

Դաշնակցական կառավարությունը, որպեսզի իր շուրջը համախմբի ժողովրդին և հատկապես արևմտահայությանը, 1919թ. մայիսի 28-ին իր խորհրդի հանդիսավոր նիստում հրապարակեց Անկախ Միացյալ Հայաստանի հռչակման մասին հայտարարությունը, որտեղ հավակնության հայտ էր ներկայացվում 6 արևելյան վիլայեթների և Կիլիկիայի նկատմամբ:

Այսպիսով, Դաշնակցությունը փորձում էր լեգիտիմ հիմք ստեղծել անընդհատ դեպի դուրս նայող ժողովրդի մեջ: Սակայն նույնիսկ այդ քայլերից հետո 1919թ. հունիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում Պողոս Նուբարի կողմից աջակցվող Ժողովրդական կուսակցությունը չմասնակցեց ընտրություններին, որպեսզի Հայաստանի դաշնակցական իշխանությունն ամբողջական լեգիտիմություն չունենա և իրավունք չունենա հանդես գալու ողջ հայության անունից: Այս հանգամանքը ցայտուն վկայում էր այն ժամանակվա քաղաքական վերնախավի հասունության պակասի և պետական մտածողության թույլ զարգացածության մասին:

Եթե Պողոս Նուբարի կողմնակիցները, փաստացի չճանաչելով «դե ֆակտո» գոյություն ունեցող Կովկասյան Հայաստանը, երազում էին «Ծովից ծով Հայաստանի» մասին, ապա այն ժամանակվա իր հզորությամբ 3-րդ քաղաքական ուժը' հայ բոլշևիկները, և՛ «դե յուրե», և՛ «դե ֆակտո», չէին ճանաչում Հայաստանի պետականությունն ընդհանրապես:

Հայ բոլշևիկները պայմանականորեն բաժանված էին 2 հոսանքի' ազգային և ապազգային (կոսմոպոլիտ):

Բոլշևիկների ազգային թևը դժգոհ էր անգլիացիներից, քանի որ վերջիններիս ծրագրած «Միացյալ Հայաստանի» սահմաններում չպետք է լինեին Ղարաբաղն ու Զանգեզուրը: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա վերջիններս, չուզենալով հակադրվել անգլիացիներին, որոնք հայերին օգնում էին ազատագրել Նախիջևանն ու Կարսի մարզը, «արտաքուստ» չէին աջակցում ղարաբաղցիներին: Իսկ երբ 1918թ. վերջին անգլիացիների պահանջով և Հայաստանի կառավարության լուռ համաձայնությամբ կանգնեցվեց Անդրանիկի զորաջոկատի արշավը դեպի Ղարաբաղ, ղարաբաղցիների մեջ այն զգացումն առաջացավ, թե իրենց մասին Երևանում մոռացել են: Հենց Ղարաբաղի հարցում չհամաձայնելով դաշնակցական կառավարության հետ, Անդրանիկը 1919թ. գարնանը զորացրեց իր բանակը, զենքերը հանձնեց Կաթողիկոսին և ընդմիշտ հեռացավ Հայաստանից: Միայն 1920թ. գարնանը, երբ ադրբեջանցիները կազմակերպեցին Շուշիի հայ բնակչության սպանդը, հայկական բանակը՝ Դրոյի գլխավորությամբ, մտավ Ղարաբաղ' հայությանը փրկելով վերջնական կոտորածից:

Այսպիսով, հայ բոլշևիկների ազգային թևի հեղինակությունն իրական պատճառներով տարածված էր հիմնականում Ղարաբաղում և մասամբ՝ Զանգեզուրում: Ազգային բոլշևիկների ռուսական կողմնորոշումը, այսպիսով, պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով.

Ա. Անգլիացիները Ղարաբաղն ու Զանգեզուրը տեսնում էին Ադրբեջանի, այլ ոչ թե՝ Միացյալ Հայաստանի կազմում

Բ. Դաշնակցական Հայաստանը բացահայտտորեն և ակտիվ չէր հակադրվում անգլիացիներին' վախենալով, թե կզրկվի նրանց աջակցությունից Նախիջևանում, Կարսում և Արևմտյան Հայաստանի միացման հարցում

Գ. Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմի մեջ էր գտնվում թե՛ Հայաստանի, և թե՛ Խորհրդային Ռուսաստանի հետ։ Եվ, ուրեմն, ռուս բոլշևիկները դառնում էին Ղարաբաղի և Զանգեզուրի հայության բնական դաշնակիցները:

Հայ բոլշևիկների ապազգային հոսանքը հիմնականում տարածված էր Ալեքսանդրոպոլում և Կարսում: Դա պայմանավորված էր նրանով, որ այդ քաղաքներում ավանդաբար շատ ուժեղ էր ռուսական ազդեցությունը:

Այդ բոլշևիկների համար չկային Հայաստան, Ադրբեջան կամ Թուրքիա: Նրանք հավատում էին միայն Մեծ Ռուսաստանի գաղափարին: Եվ քանի որ Մեծ Ռուսաստանն էլ իր հերթին ուզում էր «մեծ համաշխարհային կոմունիստական կայսրություն» ստեղծել, ապա հայ բոլշևիկների այդ հոսանքն ապրում էր «համաշխարհային հեղափոխության» գաղափարով' ավագ ռուս եղբայրների գլխավորությամբ:

Քանի դեռ բոլշևիկյան Ռուսաստանը չէր նվաճել Ադրբեջանը՝ հենվում էր հայ բոլշևիկների ազգայնական թևի վրա: Իսկ երբ 1920թ. ապրիլին ռուսները զավթեցին Ադրբեջանը, նրանց արդեն հարկավոր էր հայ բոլշևիկների ապազգային թևը: Ռուսները 1920թ. մայիսին նրանց միջոցով փորձեցին գրավել նաև Հայաստանը, սակայն արևմտյան ռուսական ճակատում՝ լեհերի և Ղրիմում՝ բարոն Վրանգելի զորքերի հարձակումների պատճառով ռուսները չաջակցեցին հայ բոլշևիկների 1920թ. մայիսյան ապստամբությանը:

Թեև կարճ ժամանակահատվածում հայկական կառավարությանը հաջողվեց ճնշել բոլշևիկյան խռովությունը, այնուամենայնիվ, այն շատ վատ բարոյահոգեբանական ազդեցություն ունեցավ պետական ինստիտուտների և հատկապես բանակի վրա:

Եզրակացություններ

1. Մի շարք պատմաբանների այն տեսակետը, թե 1918-20թթ. եվրոպացիներն ու ամերիկացիները խաբեցին հայերին, իրականությանը չի համապատասխանում, քանզի մենք ինքներս մեզ խաբեցինք: Դա են վկայում փաստերը: Օրինակ, արդեն սկսած 1919թ. Մայիսից՝ անգլիացիները նշում էին, որ 6 կամ 7 վիլայեթների հիման վրա «Մեծ Հայաստանի» կառուցման նախագիծը իրատեսական չէ: Նույնը Սան-Ռեմոյի կոնֆերանսում 1920թ. ապրիլին կրկնեց Մեծ Բրիտանիայի վարչապետը: Իսկ Մեծ Բրիտանիան այն ժամանակ համաշխարհային թիվ 1 գերտերությունն էր համարվում, ինչպես որ այսօր Միացյալ Նահանգներն է:

2. Հայերը չլսեցին անգլիացիներին և կառչել էին ամերիկացիներից: Սակայն 1920թ. հունիսի 1-ին ամերիկյան սենատը մերժեց հայկական մանդատը։ Սա նույնպես հայերին ուղղված ազդակ էր, որ ամերիկացիներն էլ են ձեռքերը լվանում «Մեծ Հայաստանի» նախագծից: Փաստացի, մեզ այն ժամանակ դա էլ չսթափեցրեց:

3. Թուրքերը կարողացան կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնել՝ հասկանալով, որ թե՛ «Մեծ Թուրանի» ցնդաբանական գաղափարը, և՛ թե Դամաթ Փերիդ փաշայի պարտվողական քաղաքականությունը կհանգեցնեն Թուրքիայի կործանմանը: Նրանց մեջ առաջացավ 3-րդ՝ առավել առողջ ազգային-իրատեսական հոսանքը՝ Քեմալ փաշայի գլխավորությամբ, և կարճ ժամանակահատվածում նրանք հասան մեծ հաջողությունների:

4. Թուրքերը ճիշտ հետևություն արեցին, իսկ մենք մնացինք պարզունակ երազանքների մեջ' փորձելով իրագործել ոչ իրատեսական «Ծովից ծով Հայաստանի» գաղափարը։ Դրա հետևանքով 1920թ. աշնանը պարտվեցինք' կորցնելով մեր տարածքների մեծ մասը և ստացանք հակազգային բոլշևիկյան իշխանություն: Փաստացի ուզում էինք «Ծովից ծով» երկիր, իսկ իրականում ստացանք տարածքների կորուստ և պետականության վերացում:

5. Բովանդակ Հայաստանում չգտնվեց այն քաղաքական ուժը, այն քաղաքական գործիչը, որը ցույց կտար այս երկու ծայրահեղությունների' մի կողմից՝ «Ծովից ծովի», իսկ մյուս կողմից՝ հակազգային կոսմոպոլիտ բոլշևիզմի ամբողջ վտանգավորությունը:

6. Մեկ այլ տեսակետ էլ կա, թե իբր եթե 1920թ. մայիսին Դաշնակցությունն իր իշխանությունը հանձներ բոլշևիկներին, ապա մենք մեծ տարածքների կորուստներ չէինք ունենա: Ինչպիսի՜ պարզունակ, գավառական միամտություն: Փաստորեն, մեր կյանքում ընդունված 2 հիմնական գաղափար կա' «կամ՝ ամեն ինչ վերցնենք, կամ՝ ամեն ինչ տանք»:

Ցավոք, այսօր էլ այս երկու ծայրահեղ հոսանքները' «Ծովից ծովն» ու ապազգային (քիրվայական) նեոբոլշևիզմը, զգալի տեղ ունեն մեր քաղաքական կյանքում: Երկուսն էլ ազգակործան, հակապետական բնույթ ունեն: Երկուսն էլ մեր ժողովրդի դժվար պատմության հետևանք են:

«Ծովից ծովը» մարդկանց կորուսյալ հայրենիքի ցավն է, իսկ ապազգային նեոբոլշևիզմն ազգային խնդիրներից փախուստը և համաշխարհային անդրազգային արժեքների մեջ ներգրավվելն է: Ապազգայինների համար 90 տարի առաջ արձանագրվող փախուստը համաշխարհային կոմունիստական հեղափոխությունն էր, այսօր' համաշխարհային լիբերալիզմը, որը մաքուր ձևով ոչ մի երկրում չկա: Ապազգայնությունը թե՛ առաջին, և թե՛ երկրորդ դեպքում ածանցյալ դեր է կատարում: Ինչպես որ Ստալինին ռուս ժողովրդի զգալի մասը հարգում է 1945թ. հաղթանակի և Մեծ Ռուսական կայսրության ստեղծման համար (թեև Ստալինը հալածանքների ենթարկեց ավելի քան 15 մլն մարդու, որից ավելի քան 3 մլն զոհվեց), այնպես էլ հայ բոլշևիկները՝ 90 տարի առաջ, և հայ կոսմոպոլիտ լիբերալների զգալի մասը՝ այսօր, պատրաստ են, հանուն իրենց անդրազգային արժեքների, զիջել, հանձնել և թուրքերի հետ «հանգիստ» ապրել՝ չգիտակցելով, որ «հանգիստ ապրելը» կախված է ոչ միայն և ոչ այնքան հայ բոլշևիկներից կամ այսօրվա լիբերալ-նեոբոլշևիկներից, որքան հենց թուրքերից: Եթե դա հեշտ լիներ, ապա հրեաների ու արաբների հակամարտությունը վաղուց վերջացած կլիներ: Կիպրոսում կլիմայական պայմանները «հեշտ ու հանգիստ ապրելու» համար ավելի բարենպաստ են, և այնտեղ թուրքերն ու հույները վաղուց քույրերի և եղբայրների պես պիտի ապրեին: Սակայն...

Երվանդ Բոզոյան

«Դիալոգ» հայկական փորձագիտական կազմակերպության նախագահ

Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan