«Փաշինյանը միանգամայն ճիշտ է, Վիգեն Սարգսյանը՝ բացարձակ անգետ». Լևոն Տեր-Պետրոսյան
Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ILur.am-ում հրապարակված «Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է, իսկ Վիգեն Սարգսյանը բացարձակ անգետ» իր հոդվածում։
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, հակաճառելով Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանն ասել է հետևյալը. - «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: ... Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Վերջապես (Փաշինյանի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ»։
Հայաստանի առաջին նախագահը նշում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:
«Այստեղից ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՛ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր: Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից: Եթե Հայաստանի պաշտպանության նախարարը չի հասկացել այս տարրական իրողությունների տարբերությունը, ապա հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ ազատվել է իրեն Ազգ-Բանակի հայր հռչակած այդ անձնավորությունից», - գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Թեմայից դուրս, առաջին նախագահը հիշեցրել է՝ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը»: