Արմեն Սարգսյանը հեռացավ Հանրապետության հրապարակից
Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել էր Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ բազմամարդ հանրահավաք են անցկացնում Հայաստանի երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները:
Սարգսյանը մարդկանց բազմության միջով մոտեցավ Փաշինյանին և սկսեց զրուցել նրա հետ՝ հանելով փողկապը: Զրույցից հետո նախագահը ցուցարարների առաջնորդի ուղեկցությամբ հեռացավ հրապարակից:
Ցուցարարները նրան ճանապարհում էին «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով, որոնց ի պատասխան Արմեն Սարգսյանը մերթընդմերթ ժպտում էր:
«Ազատության» հարցին՝ հետևելո՞ւ են բանակցություններ, Սարգսյանը պատասխանեց՝ «Հուսանք»: Լրագրողներին նա խոստացավ հրավիրել նախագահական՝ պատասխանելու նրանց հարցերին:
Հիշեցնենք, Հայաստանի նախագահը հայտարարություններով էր հանդես եկել ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ՝ հանդուրժողականության և երկխոսության կոչ անելով, պատրաստակամություն հայտնելով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: