Պահը զգայուն է եւ լի բազմաթիվ ներքին եւ արտաքին վտանգներով ու ռիսկերով. ՀՅԴ կոչը
Դաշնակցությունը ողջունում է ՀՀ վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն եւ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի կոչում ասվում է. «Ողջունում ենք ՀՀ վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն եւ բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետեւանքների հանգեցնել մեր ժողովրդի եւ պետության համար:
Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունը այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջեւ ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են իրական ճանապարհ հարթել: Համատեղ քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է ժողովրդի հրապարակ դուրս գալու խորքային եւ հիմնական պատճառները լուծել առավել անվտանգ ու անցնցում ճանապարհով: Այս հեռանկարը մենք իրական ենք համարում:
Պահը զգայուն է եւ լի բազմաթիվ ներքին եւ արտաքին վտանգներով ու ռիսկերով. խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների եւ համախոհությամբ առաջ բերել իրական, հստակ եւ ժամկետներով ամրագրված քաղաքական օրակարգ, որը կբխի մեր ժողովրդի եւ պետության շահերից, դուռ կբացի իրական եւ արագ տեսանելի փոփոխությունների համար»։