ՀՀ ոստիկանությունը՝ Նազենի Հովհաննիսյանի գրառման մասին
Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառումը դիտարկվում է որպես վիրավորանք, և քանի որ Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացված է, ոստիկանությունը այս դեպքում որևէ քայլ չի կարող ձեռնարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Քաղաքացին կարող է դիմել դատարան և քաղաքացիաիրավական հարթակում լուծել այդ հարցը»,- ասաց Ջանոյանը:
Այն հարցին, թե այս դեպքում արդյոք չկան խուլիգանության հատկանիշներ, Ջանոյանը պատասխանեց, որ եթե քաղաքացին մտածում է, որ իր նկատմամբ կատարվել է խուլիգանություն պետք է մասնավոր գանգատով դիմի ոստիկանության բաժին: «Հաղորդման հիման վրա ոստիկանությունը կպարզի դա խուլիգանություն է, թե վիրավորանք: Կարծում եմ՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի գրառման` դա վիրավորանք է»,- ասաց Ջանոյանը: