Արաբկիրում գտնվող ավտոտնակում 4 ինքնաձիգ և 274 տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերվել. լուսանկարներ
Ապրիլի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Հաղորդման համաձայն՝ Գյուլբենկյան 39Ա շենքին հարակից ավտոտնակում սպորտային պայուսակ կա, մեջն էլ՝ զենքեր։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ահազանգին արագ արձագանքած իրավապահները, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերեցին սպորտային պայուսակը, որի մեջ 4 ինքնաձիգ կար, 8 պահունակ և տարբեր տրամաչափերի 274 փամփուշտ։ Նախնական տվյալներով՝ ինքնաձիգերը «Կալաշնիկովներ» են։
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստվեցին։ Պարզվեց, որ ավտոտնակը 10 տարուց ավելի շահագործում է Արթուր Խաչատրյանը։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ավտոտնակում երբեք մեքենա չի կայանել և միայն ժամանակ առ ժամանակ այնտեղ իրեր է տեղավորել։ Ինքը երբեք ավտոտնակում զենք-զինամթերք չի տեսել ու չգիտի՝ դրանք ում են պատկանում։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։