«Բուրգեր Քինգ» ընկերությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել պայթյունից տուժածներին և անհրաժեշտության դեպքում կաջակցի նաև հետագա բուժման համար
«Բուրգեր Քինգ» ընկերությունը ապրիլի 2-ին Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած ութ քաղաքացիներին մինչ այժմ ստացած բուժօգնության համար ցուցաբերել է ֆինանսական աջակցություն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բուրգեր Քինգ» սննդի կետերի հասարակայնության հետ կապերի մասնագետ Ինգա Հարությունյանը:
«Ընկերության ներկայացուցիչները իրենց օժանդակություն են ցուցաբերել տուժած քաղաքացիներին, և ընկերությունը նաև տուժածներին աջակցություն կցուցաբերի, եթե անհրաժեշտության առաջանա նրանց հետագա բուժման համար»,-ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 2-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով՝ բուժօգնության է տեղափոխվել 8 քաղաքացի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 8 անձ ճանաչվել է տուժող:
Պայթյունի հետևանքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել ութ անձ, որոնցից մեկը՝ 8-ամյա աղջիկը՝ Ռուբինա Մարկոսյանը ենթարկվել էր վիրահատության: Նրա վիճակը միջին ծանրության է: