Երեխաների վիճակը միջին ծանրության է, մեկ երեխայի վիճակը բավականին ծանր է. Արա Բաբլոյան
Բոլոր վիրավորների վիճակը գնահատվում է ստաբիլ, լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ժամանած ԱԺ նախագահ, մանկաբույժ Արա Բաբլոյանը:
«Երեխաների վիճակը միջին ծանրության է, մեկ երեխայի վիճակը բավականին ծանր է: Հիմա ծանր վիրահատությունը կավարտվի, նրան էլ կբերեն պալատ: Այս պահին բոլորի վիճակը ստաբիլ է», - ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հավելելով․ - «Բավականին մեծ վնասվածք էր ազդրի վերին երրորդական հատվածում՝ մկանները վնասվել են, մինչև ոսկոր է հասել վնասվածքը, բայց ոսկորը չի վնասել: Բեկորային վնասվածքներ են բոլորի մոտ»:
«Այսօր դուրս գրվողներ չեն լինի: Մեծ մասը այնպիսի վնասվածքներ ունեին, որ կար պետք էր դնել», - հավելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը:
Հիշեցնենք, որ Ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: