Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը
Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:
Տոնը սկիզբ է առնում հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ, ըստ քրիստոնեական դավանանքի, 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։
Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տոնվում է՝ ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և, մասնավորապես, Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստված նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։
Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։
Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։
Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...»
Զատիկը շարժական տոն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։