Կեմերովոյի առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցին կալանավորել են
Կեմերովոյի Զավոդսկիյ շրջանի դատարանը մինչև մայիսի 25-ը կալանավորել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակից Սերգեյ Անտյուշինին, այդ մասին հաղորդում է Ria.ru-ն:
Ըստ քննության տեղեկությունների՝ նա հրդեհի ազդանշան ստանալուն պես անջատել է ահազանգման համակարգը:
Անտյուշինը հայտարարել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ և կբողոքարկի այն:
Անտյուշինը պատմել է, որ ահազանգից հետո համակարգը սկսել է անկանոն միանալ չորրորդ հարկում: Նա, անվտանգության համակարգի էկրանի վրա կինոթատրոնի միջանցքում ծուխ տեսնելով, անմիջապես զանգահարել է 112 և հայտնել, որ առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:
Անտյուշինը հավելել է, որ դրանից հետո կապվել է առաջին հարկում գտնվող անվտանգության աշխատակցի հետ:
Նա հայտնել է, որ ծանուցման կոճակը սարքին չէ, և այդ մասին նա ավելի վաղ հայտնել էր ղեկավարությանը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք եղել են դեպքեր, երբ ազդանշանային համակարգը փչացել է և ինչ-որ ժամանակ չի աշխատել, Անտյուշինը պատասխանել է. «Իհարկե, եղել են»: Անվտանգության աշխատակցի խոսքով՝ դա շարունակվել է 3 տարի, ինչ նա աշխատել է առևտրի կենտրոնում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու Գեորգի Սոբոլևը դատարանի դահլիճում հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել շենքի հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին:
Հրդեհի գործով ձերբակալվել է 5 մարդ։ Առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկն այսօր կալանավորվել է երկու ամիս ժամկետով։