Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում է Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը (ուղիղ)
Մեկնարկել է ՀՀ Ազգային Ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկվել են երկու տասնյակից ավելի հարցեր, որոնցից է նաև Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է
Հրայր Թովմասյանի թեկնածությունը։
Ավելի վաղ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, և նա ընտրվել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ազգային Ժողովը կողմ էր քվեարկել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությանը։
ԱԺ նախագծերի թվում են ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, և կից ներկայացված փաթեթը երկրորդ ընթերցման, «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը, ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Միջազգային պայմանագրերի մասին», «Բարձրագույն կրթության մասին» և այլ նախագծեր: