Դեղատան աշխատակցի սրտին դանակով հարվածելու համար 4 տարով ազատազրկված տղամարդու դատավճիռը մնաց անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դեղատներից մեկում 2017թ.-ի փետրվարի 16-ին ուշ երեկոյան երիտասարդ աշխատակցին դանակահարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկ Սարգսյանի բողոքը:
Սարգսյանի պաշտպանը դիմել էր Վերաքննիչ՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու իր պաշտպանյալի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով: Մարտի 14-ին վերաքննիչ բողոքը մերժվել է եւ ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սարգսյանն իրեն սպասարկելու հարցի շուրջ վիճաբանել է դեղատան աշխատակցի հետ եւ դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Նշենք, որ տուժող կողմը նույնպես միջնորդության դեմ չի առարկել՝ նշելով, որ ամբաստանյալից որեւէ պահանջ չունի։
Դատարանը Խաչիկ Սարգսյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել նախատեսված 4 տարվա ազատազրկման:
Նշենք, որ դանակահարված երիտասարդը Բժշկական համալսարանի ուսանող է: Բժիշկներին հազիվ էր հաջողվել փրկել նրա կյանքը:
Աղբյուրը՝ News.am