Օդաչուն, որին Մոսկվան մեղադրում էր 2014թ. Boeing 777-ը կործանելու համար, մեռած է հայտնաբերվել իր տանը
Ուկրաինացի օդաչուն, որը Մոսկվայի կողմից մեղադրվում էր 2014թ. հուլիսի 17-ին Ուկրաինայի օդային տարածքում Malaysian Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը խոցելու և մոտ 300 մարդու մահվան պատճառ դառնալու համար, մեռած է հայտնաբերվել իր տանը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կապիտան Վլադիսլավ Վոլոշինը կենդանության օրոք պնդում էր, որ ռուսական կողմն իրեն պախարակում է՝ հայտարարելով, թե ինքն է ինքնաթիռը կործանողը:
Նշվում է, որ 29-ամյա կապիտանը Boeing-ի կործանման ժամանակ Սու-25 գրոհիչի օդաչու էր ու ծառայում էր Ուկրաինայի օդուժում: Սակայն Ռուսաստանի մեղադրանքներից հետո ստիպված է եղել հեռանալ ծառայությունից:
Այժմ Վոլոշինին մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերել են իր տանը: Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել: Կինը պատմել է, որ կրակոցի ձայն լսելուն պես վազել է ամուսնու մոտ, սակայն ոչնչով օգնել չի կարողացել:
«Ես չեմ խոցել MH17 չվերթն իրականացնող Boeing-ը: Նախկին ծառայակիցս՝ Եվգենի Ագապովը, կեղծ վկայություն է տվել իմ դեմ: Մենք հուլիսի 17-ին թռիչք չենք ունեցել: Նա (Ագապովը) պատմել է, որ այդ օրը երեք օդանավ է երկինք բարձրացել և միայն ես եմ հետ վերադարձել: Բայց դա տեղի է ունեցել ամսի 23-ին: Նա ասել է, որ ինքնաթիռը համալրված էր «երկինք-երկինք» դասի հրթիռներով, բայց իրականում դրանք չկային: Ես «երկինք-երկիր» դասի զենքեր ունեի՝ նախատեսված ցամաքային թիրախների համար»,-ավելի վաղ պատմել էր օդաչուն:
Ագապովի ցուցմունքների համաձայն՝ Վոլոշինը «երկինք-երկինք» դասի հրթիռներով թռիչք է կատարել ու Boeing 777-ի կործանումից կարճ ժամանակ անց վերադարձել առանց զենքերի: Ըստ նրա՝ վայրէջքից հետո Վոլոշինը վախեցած էր:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ագապովի ցուցմունքը ճշմարիտ է, մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները հակադարձել են այս պնդմանը՝ նշելով, որ ավիաաղետի հետևում Մոսկվան է կանգնած:
Կիևը հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական արտադրության ԲՈՒԿ հրթիռային համակարգի միջոցով:
Աղբյուրը՝ Tert.am