Մոգերինի. «Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ»
Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։Հիշեցնելով, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը 3 հիմնարար համաձայնագիր է կնքել՝ Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։
«Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն»,- նշել է Մոգերինին։