Շուտով կեսօր կլինի, իսկ դուք ի՞նչ եք արել ձեր հայրենիքի համար
Առավոտ կանուխ մոտակա գյուղերից Ցողիկն էլի եկավ ու մեր շենքի բնակիչների համար կաթ, մածուն, կաթնաշոռ բերեց: Խանութի գներից էժան:
Բոլորս իջանք բակ ու վերցրինք մեր կաթն ու մածունը և բոլորս նորից նայեցինք Ցողիկի ուռած ոտքերին ու ասացինք.
- Վա՜յ, ավելի է ուռել, Ցողիկ , բա չես մտածո՞ւմ:
Ցողիկը նորից լայն ժպտաց ու ձեռքը թափահարեց.
- Ոտներս ջհանդամը, էթամ շուտ հասնեմ անասուններիս, հիմա ինձ են սպասում,- նկատի ունենալով իր կովերին ու հորթերին՝ ասաց նա:
Հետո բոլորս բարձրացանք տուն, կանայք ուրախացան, որ եղանակն արևոտ է, միասին մեր լվացքները փռեցինք ու տեսանք, որ բեռնակիր տղան փայտով է ման գալիս: Բոլորս մեր պատշգամբներից գոռացինք.
- Վա՜յ, Սմբո, էդ ի՞նչ է եղել...
Տղամարդիկ էլ իջան բակ նարդի ու շախմատ խաղալու...
Շուտով կեսօր կլինի, իսկ դուք ի՞նչ եք արել ձեր հայրենիքի համար.
Հ.Գ. - ,,Բերում է նրա բախտը, ով առավոտ կանուխ արթնանում է և վազում իր բախտի հետևից՝ ազնիվ ճանապարհով, աշխատանքով և, իհարկե, ընդունակություններն իրացնելով,,- հաճախ է կրկնում Սերժ Սարգսյանը:
Առավոտ կանուխ արթնանում ենք միշտ, բայց, ցավոք, բախտի հասցեն չենք գտնում...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից