Ինչո՞ւ ՀՀ նախագահը չի կարող ինքնուրույն կոչումներ ու մեդալներ շնորհել. Փաշինյան
ԱԺ արտահերթ նիստին այսօր խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ քննարկում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանին հարցեր ուներ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հետաքրքրվեց, թե հանրապետության նախագահն առանց միջնորդագրի՝ ինքնուրույն, պարգևատրում անելու լիազորություն ունի՞, թե՞ ոչ:
«Սա հստակ նախագահի լիազորությունն է, ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ հիմնականում առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել»,- ասաց Փաշինյանը:
Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այո, ՀՀ նախագահն ինքնուրույն չի կարող կոչումներ ու մեդալներ շնորհել. «ՀՀ նախագահին դիմելու իրավունք ունեն 4 անձինք, վարչապետը, ԱԺ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ ՍԴ նախագահը: Ինչո՞ւ ինքնուրույն ՀՀ նախագահը չի կարող կոչումներ շնորհել, դա բխում է Սահմանադրության 139-րդ հոդվածից, որտեղ ասվում է, որ ՀՀ նախագահը Սահմանադրության 136-րդ հոդվածով սահմանված դեպքերում կարող է իրավական ակտն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմնին: Այսինքն սրանից բխում է, որ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ ակտի նախագիծը պետք է ներկայացվի ՀՀ նախագահին, այսինքն նա ինքնուրույն չի կարող նման ակտ ընդունել»:
Zham.am