4500 դեղից 2500-ը դեղատոմսով բաց թողնելը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին. Առողջապահության նախարար
Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեղերի կարգավորման մասին օրենքը:
«Օրենքով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: 4500 դեղամիջոցից 2500-ը բաց է թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնա ազատ վաճառքի մեջ», — կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ինչ վերաբերում է այն դեղերին, որոնք բաց են թողնվելու դեղատոմսերով, նախարարն ասաց, որ մինչ դեղ օգտագործելը, առավելապես այն դեղը, որը պարունակում է հոգեմեդ միջոց, նարկոտիկ նյութեր, դրանք անցնում են բժշկի նշանակման ներքո:
«Ընդ որում, բժիշկը կարող է լինել ոչ անպայման պոլիկլինիկայի աշխատակից, այլ՝ այն բուժող բժիշկը, որը հոգում է հիվանդի կարիքները», — ասաց Լևոն Ալթունյանը:
Նախարարը նշեց, թե այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով: