Ճապոնիայում սկսվել է Սիմմոե հրաբխի ժայթքումը
Ճապոնիայի Կյուսու կղզու Կիրիսիմա լեռնաշղթայի գործող Սիմմոե հրաբխի աննշան ժայթքում է արձանագրվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ օդերևութաբաններն արձանագրել են հրաբխային ցնցումները տեղական ժամանակով ժամը 08:50-ին: Վերջին տվյալների համաձայն՝ ցնցումները շարունակվում են: Այժմ օդերևութաբաններին դեռ չի հաջողվում պարզել՝ արդյոք հրաբխից ծխի սյուն է բարձրանում, քանի որ տարածաշրջանում վատ եղանակ ու ցածր տեսանելիություն է:
Նշվում է, որ հրաբխից 10 կմ հեռավորության վրա՝ Միյաձակի պրեֆեկտուրայի Տակախարուն բնակավայրի մոտակայքում, հրաբխային մոխրի մասին տեղեկություններ կան:
Տարածաշրջանում գործում է վտանգի երրորդ աստիճան՝ հնարավոր հինգից, ինչը ենթադրում է լեռը բարձրանալու և մոտենալու արգելք:
Սիմմոե հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին՝ բաց թողնելով 300 մետր բարձրությամբ ծխի սյուն: