11-ամյա աղջկա կյանք խլած պատահարի մասնակից «Համեր»-ի վարորդը կրկին կալանքի տակ է
Երեւանում 2017թ.-ի սեպտեմբերի 5-ին 11-ամյա աղջնակին մահացու վթարի ենթարկելու գործով ամբաստանյալ, «Գառնիի Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռը՝ Արթուր Հակոբյանը, կմնա կալանքի տակ: Նախօրեին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նոր Նորք նստավայրի դատավորը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը:
Նշենք, որ Արթուր Հակոբյանը վթարից հետո կալանավորվել էր, սակայն, Վերաքննիչ դատարանն ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ էր արձակվել: Որոշումը գործը վերահսկող դատախազը դեռեւս դեկտեմբերին բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն էլ բավարարվել է: Ներկայումս գործով երկու մեղադրյալներն էլ կալանքի տակ են:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Հակոբյանը իր «HUMMER H2» մակնիշի ավտոմեքենայով եւ Լեւոն Հակոբյանն իր «HONDA ACCORD» մակնիշի մեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջնակի մահը, վերջինիս մոր՝ Քնար Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, հոր՝ Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:
Երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում Լեւոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարեւան երթեւեկության գոտիներով համընթաց շարժվող տրանսպորտային միջոցների, մասնավորապես` Արթուր Հակոբյանի վարած «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը: Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը եւ թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում` ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթեւեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետեւ` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին:
Պատահարի հետեւանքով «OPEL»-ի ուղեւոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղեւորներից երկուսը, ինչպես վերն արդեն նշվել է, միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լեւոն Հակոբյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: