Դեզինֆեկցիա՝ Բաղրամյան 26-ում. Ինչ կարժենան կրծողները և դրանց դեմ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահական նստավայրը, պարզվում է, կրծողների թիրախում է հայտնվել և դրանց դեմ պայքարի կարիք ունի: Այդ միջոցառումը կազմակերպելու համար նախագահի աշխատակազմը գնում է հայտարարել: Շրջակա միջավայրի վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման պայմանագիրը երեկ է ստորագրվել:
Ծառայության համառոտ նկարագրությունն այսպիսին է՝ պայքարը կազմակերպել մեխանիկական (թակարդներ, սոսնձե բռնիչներ) և քիմիական (ՀՀ-ում թույլատրված թունաքիմիկատներով՝ բրոմոդիալոն, բրոդիֆակում և այլն) մեթոդներով։ Ուշագրավ է, որ դեռատիզացիոն՝ կրծողների վնասազերծման աշխատանքները, ըստ պայմանագրի, պետք է կատարվեն սպասարկող կազմակերպության բանվորական ուժերով և միջոցներով։
Այսինքն՝ նախագահականի աշխատակիցները զերծ կմնան կրծողներին անձամբ որսալու էքստրեմալ զբաղմունքից: Այդ գործը նրանց փոխարեն կանի «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ն, ինչի համար, ըստ գնման պայմանագրի, կհատկացվի 440 հազար դրամ: Կրծողները և դրանց դեմ պայքարը, փաստորեն, թանկ են նստում պետության միջոցների վրա»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: