Ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը, Մոսկվան կոնկրետ ծրագիր չունի. Լավրով (տեսանյութ)
Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ունենալ այդ խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր, որովհետև խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը: Ռուսաստանն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն բան, որպեսզի պայմաններ ստեղծի այդ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է հակամարտության բանակցային գործընթացում կողմերին բերել ընդհանուր հայտարարի:
«Մենք ինտենսիվ ջանքեր ենք ձեռնարկել վերջին տարիներին, որպեսզի կողմերի բոլոր դիրքորոշումներն ընդհանրացնելով փորձենք գտնել համընկնող մոտեցումներ այդ ճգնաժամի, այդ հակամարտության այս կամ այն ասպեկտների վերաբերյալ և միաժամանակ փորձենք հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են կողմերին բերել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնցում նրանք մինչ այժմ տարակարծիք են»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա նշել է, որ այդ աշխատանքն անց է կացվել պարբերաբար, այդ թվում՝ նաև անցած տարի:
«Մեր բոլոր առաջարկները, համանախագահների բոլոր առաջարկները, իսկ մենք ունենք ընդհանուր դիրքորոշում, կողմերի մոտ են, կողմերը գիտեն՝ ինչ են համանախագահները մտածում, բայց պետք է որոշեն իրենք՝ կողմերը: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ երկու երկրներից էլ կհետևեն որոշակի ազդանշաններ: Մենք ուրախ ենք, որ անցած տարի տեղի են ունեցել նախագահների և արտգործնախարարների հանդիպումներ, համանախագահ երկրների ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացներին: Կարծում եմ, որ այժմ կարևոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաև անցնել քաղաքական կարգավորման»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, և անհրաժեշտ է փուլային մոտեցում: