Արծվիկ Մինասյան. Ապրիլը բոլոր հարցերի պատասխանը կտա
Ապրիլը կգա, և այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետական և Դաշնակցություն կուսակցություններն իրար հետ համագործակցության հուշագիր են ստորագրել այս խորհրդարանի գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ապրիլին Դաշնակցությունը դառնա ընդդիմություն:
«Այս պահին չկա որևէ պատճառ, որ մեր դրված նպատակներից հրաժարվենք, հակառակը՝ որքան հնարավոր է, պետք այդ նպատակներին ուղղված շատ ավելի մեծ ու լայնածավալ գործողություններ իրականացնենք: Եթե ուզում եք իմանալ` կոնկրետ»,- ասաց նա:
Հարցին` Դաշնակցությունը խանդո՞վ կվերաբերվի, եթե «Ծառուկյան» դաշինքը ևս համալրի կոալիցիայի շարքերը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ, բայց որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ՝ մենք ունենք մեր առջև դրված խնդիրներ, և ցանկացած այլ ուժի աջակցությունն այդ խնդիրների լուծմանն օգտակար է։ Սակայն սա բացարձակ չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, անպայման պետք է կոալիցիայում լինի»:
Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, որ մտավախություն չկա՞, որ «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի կոալիցիան կարող է ՀՅԴ նախարարական պորտֆելները նվազեցնել, հարցով պատասխանեց. «ՀՅԴ-ն երբևէ նման որևէ մտավախություն ունեցե՞լ է»:
Zham.am