Շարմազանովը՝ «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ դեպքի մասին
ՀՀ-ում որևէ քաղաքացի, անգամ իր պաշտոնից, ֆինանսից, օրենքից վեր լինել չի կարող»,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վերջին օրերին աղմկահարույց դեպքի մասին, որին մասնակցություն էր ունեցել քրեական հեղինակություն համարվող «Ճըվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին:
«ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին, մեր նպատակն ու մեր կարծիքը չի փոխվել»,-ասաց Է. Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ բոլորը օրենքի առջև պետք է հավասար լինեն, բայց աշխարհում չկա մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է ու խնդիր չկա:
«Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ կարող եմ առաջ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժեղային կառույցի աշխատանքից: Մեկը ժամեր առաջ հրապարակեց ԱՄՆ պետդեպը, որը հստակ սանդղակ ներկայացրեց երկրների, որտեղ այցելությունն անվտանգ չէ, որտեղ կա կամ չկա ահաբեկչության վտանգ: ՀՀ-ն առաջին ցանկում է ամենաապահով ու անվտանգ երկրների մեջ: Սա օդից չի եկել, սա նախագահի, մեր ուժային կառույցների, իշխող քաղաքական ուժի ամենօրյա աշխատանքի արդյունք է, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի օրնիբուն աշխատանքի արդյունք է»,-նշեց ՀՀԿ խոսնակը:
Նա հիշեցրեց, որ այդ նույն զեկույցում Ադրբեջանը գտնվում է վտանգավոր երկրների ցանկում:
«Հայաստանը շատ ավելի անվտանգ է, քան մեր հարևան երկրները»,-ընդգծեց Է. Շարմազանովը: