Փաշինյանը աջակցու՞մ է Սարգսյանին
Հունվարի 19-ին ԵԼՔ դաշինքը բողոքի երթ կանցկացնի ընդդեմ թանկացումների: Դաշինքը դեռևս չի հստակեցրել իր մարտավարությունը և չի դրել քաղաքական պահանջներ: Ավելին, երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց միակ պահանջը թանկացումների կասեցումն է.«Մենք շատ կոնկրետ խնդիր ենք առաջադրում, մեր կարգախոսը՝ ո՛չ թանկացումներին, արդեն շատ բանի մասին է ասում: Մենք ակնկալում ենք հանրության աջակցությունը՝ Հարկային օրենսգրքի փոփոխության հարցում, որովհետեւ հանրությունն էլ մեզանից է ակնկալում, որպեսզի մենք այս խնդիրները լուծենք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նույն հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իշխանությունները «երկու ոտքը կդնի մի կոշիկի մեջ» ու չեն բավարարի հանրության պահանջը. «Հիմա, երբ հանրությունը իր ձայնը կբարձրացնի եւ կպահանջի Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք կկանգնեցնեն թանկացումները եւ կստացվի այնպես, որ խորհրդարանական մեծամասնությունը երկու ոտքը կդնի մի կոշիկի մեջ եւ կասի՝ չեմ փոխում Հարկային օրենսգրքի, դա կարող է նաեւ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հանգեցնել»: Սակայն պետք է նկատել, որ Փաշինյանի այս հույսերը կարող են չարդարանալ: Իշխանությունները կարող են թույլ տալ, որպեսզի բողոքող հանրության մեծ զանգված հավաքվի և հանրային կրքերի շիկացման ժամանակ հայտարարեն, որ գնում են զիջման, կամ առաջարկեն մի կեղծ լուծում ինչպես սոցիալական խնդիրների դեմ բարձրացած նախորդ բողոքի շարժումների ժամանակ: Ու կստացվի, որ բոլորը չաղ և բախտավոր են՝ ժողովուրդը բավարարաված կգնա տուն, իսկ իշխանությունները 2018 թվականի իրենց ծրագրերը կյանքի կոչելու:
Կարծում ենք ճիշտ չէ, որ նման վճռորոշ պահի միայն ոչ քաղաքական պահանջներ դնել, երբ իշխանությունները տապալել են երկրի ամբողջ կառավարումը և պատրաստվում են հավերժացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը, որը նա անօրինական ճանապարհով է ձեռք բերել: Ստացվում է, եթե իշխանությունները կատարեն Ելք դաշինքի պահանջը ու փոփոխեն հարկային օրենսգիրքը, ապա ամեն բան իր տեղը կընկնի ու այլ խնդիր մեր երկրում չկա: