«Իրանի վարչակարգի զոհերին մենք ասում ենք՝ ձեզ չենք մոռանալու»․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Այս թեմայով
- Իրան-Հայաստան սահմանին 19 կգ հերոին է հայտնաբերվել
- Իրանի արտգործնախարար. «ԱՄՆ-ի միջամտությունները բարդացրել են տարածաշրջանում տիրող իրավիճակը»
- Թուրքագետ. Տարածաշրջանում ապակայունացման ֆոնը օգտագործելով՝ Ադրբեջանը կարող է պատերազմ սանձազերծել Լեռնային Ղարաբաղում
- Իրանում բողոքի ակցիաները չեն դադարի. ԿՀՎ (ЦРУ) ղեկավար
Իրանում բողոքավորների դեմ բռնություն կիրառած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն, հայտարարել է այսօր ԱՄՆ Պետքարտուղարությունը.
«Մենք բավարար հնարավորություններ ունենք, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր բռնություն են կիրառում Իրանում ցուցարարների դեմ, ովքեր գրաքննություն են իրականացնում եւ ովքեր հափշտակում են Իրանի ժողովրդի միջոցները»:
Պետքարտուղարությունը գնահատում է Իրանում անցկացվող ցույցերը որպես արժանապատիվ վերաբերմունքի արժանանալու, կոռուպցիային վերջ տալու, երկրում կառավարման համակարգի թափանցիկությունն ավելացնելու ու տնտեսությունը զարգացնելու Իրանի ժողովրդի պահանջ:
«Ցուցարարները պահանջում են նաեւ, որպեսզի վարչակարգը դադարեցնի ազգային հարստությունը մսխել արտերկրում զինված անձանց ֆինանսավորման վրա: Ցավոք, Իրանի կառավարությունը շարունակում է բանտարկել եւ սպանել այն համարձակներին, ովքեր դուրս են գալիս փողոց»,-նշված է հայտարարության մեջ․
«Մենք աջակցում ենք Իրանի ժողովրդի օրինական ձգտումները եւ կոչ ենք անում երկրի իշխանություններին թույլ տալ գաղափարների եւ տեղեկատվության ազատ փոխանակումը: Բոլորը պետք է օգտվեն նույն հիմնական տնտեսական եւ քաղաքական ազատություններից, այդ թվում եւ խաղաղ ցույցերի իրավունքից»:
Հայտարարության մեջ ԱՄՆ Պետքարտուղարությունը կտրուկ քննադատում է մոտ հազար քաղաքացիների ձերբակալելու եւ ավելի քան երկու տասնյակ անձանց սպանելու իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը․
«Վարչակարգի զոհերին մենք ասում ենք՝ ձեզ չենք մոռանալու»:
Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն