Սանկտ Պետերբուրգում կանխվել է ԻՊ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցների կողմից դեկտեմբերի 16-ին ծրագրված ահաբեկչությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Դեպքի կապակցությամբ ԱԴԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.«ՌԴ ԱԴԾ-ն Սանկտ Պետերբուրգում հայտնաբերել ու կասեցրել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման աջակիցների ապօրինի օջախը, որի անդամները ծրագրել էին դեկտեմբերի 16-ին մահապարտի միջոցով ահաբեկչական ակտեր իրագործել մշակութային հաստատություններից մեկում: Բացի այդ, ծրագրվել էր մարդաշատ վայրերում քաղաքացիների սպանություններ իրագործել»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 13-ից 14-ը Սանկտ Պետերբուրգում իրականացված հատուկ գործողության շրջանակում ձերբակալվել է 7 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, ինքնաշեն պայթուցիկների բաղադրիչներ, զենք-զինամթերք, ծայրահեղական գրականություն:
Բացի այդ, վերացվել է նաև լաբորատորիան, որում պայթուցիկ սարքեր էին պատրաստում:
Zham.am