Արտակ Սարգսյանը «զավթել է» Կոմիտասի պողոտայի մայթերից մեկը (լուսանկարներ)
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի «ՍԱՍ ֆուդ քորթ» սննդի եւ սպասարկման կետը Կոմիտասի պողոստայի հաշվին ընդլայնվել է: Տարածքի բնակիչները նկատել են, թե ինչպես են գիշերային ժամին «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցները մետաղական կոնստրուկցիաներ տեղադրել, միացրել դրանք իրար եւ պոլիէթիլենից տոպրակով պատել: Արդյունքում ստեղծվել է սննդի կետ՝ աթոռներով եւ սեղաններով:
Երեւանի քաղաքապետարանից Armtimes.com-ը դեռ չի ստացել մեր գրավոր հարցման պատասխանը, սակայն նշենք, որ նույն քաղաքապետարանն ամռանը մեծ շուքով ապամոնտաժեց Թումանյան փողոցի, գրեթե նմանատիպ, սննդի կետերը՝ մայթերը զավթելու պատճառով:
Այս տարվա ամռանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մագարյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ հանդես եկավ կոշտ ելույթով. «Սեզոնային սրճարաններին եւ հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետեւել, որ այդ գործունեությունն անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առեւտրի օբյեկտների սառնարանները»:
Նշենք, որ «ՍԱՍ գրուպ» ընկերությունը պատկանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ընտրությունների ժամանակ սկանդալային պատմության մեջ հայտնված Արտակ Սարգսյանին, որն առավել հայտնի է «ՍԱՍ-ի Արտակ» անվանումով: