Սաակաշվիլիին ազատ են արձակել դատարանի դահլիճից (Տեսանյութ)
Կիևի Պեչորյան դատարանը որոշում է ընդունել մերժելու մեղադրող կողմի միջնորդությունն ու ազատ է արձակել «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին հենց դատարանի դահլիճում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Կասկածյալ Սաակաշվիլիին տնային շուրջօրյա կալանքի ենթարկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը թողնել առանց բավարարման»,-հայտարարել է դատավոր Լարիսա Ցոկոլը: Քաղաքական գործչի ազատ արձակման որոշումն ընդունվել է բացականչություններով եւ ծափահարություններով:
Դատարանում Սաակաշվիլին հայտնել է, որ ինքն ուկրաինացի օլիգարխների գերին է, եւ իր համակիրների հետ միասին երգել է Ուկրաինայի օրհներգը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Սաակաշվիլիին փորձել էին ձերբակալել, սակայն նրա համակիր ակտիվիստները կոտրել էին միկրոավտոբուսի դռները եւ ապակիները՝ նրան ազատելով մեքենայից:
Սաակաշվիլին իր կողմնակիցների առջեւ ելույթ էր ունեցել եւ կոչ արել դուրս գալ Մայդան՝ Պորոշենկոյի, նրա վարչախմբի եւ մերձավոր օլիգարխների իշխանությանը վերջ տալու նպատակով:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն պնդում է, որ կան տեսաձայնագրություններ, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ Սաակաշվիլին գործարար Սերգեյ Կուրչենկոյից առնվազն 300 հզր դոլար ֆինանսավորում է ստացել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:
Zham.am