«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել. գլխավոր դատախազ
Բավարար ապացույցներ չեն եղել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ աղմկահարույց մի քանի գործերը չբացահայտվեցին, որևէ մեկը պատիժ չկրեց, ինչպես «ՍԱՍ» սուպերմարկետի դեպքը, երբ տարածված ձայնագրության համաձայն աշխատակիցներին հորդորում էին ձայն տալ ՀՀԿ օգտին, վիրավորում էին, սպառնում կամ ուսուցիչների միջադեպը, ովքեր ձայներ էին հավաքում ՀՀԿ օգտին:
Լրագրողների հարցրին՝ Ձեզ համար տարօրինակ չէ, որ այս գործերը չբացահայտվեցին, մեղավորներ չգտնվեցին: Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Դա ինձ տարօրինակ չի թվում: Կոռուպցիայի նկատմամբ լինելու է աներկբա անհանդուրժողականություն: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր փաստ դառնալու է քննության առարկա: Իսկ թե քննության արդյունքներով ում պատասխանատվության ենթարկելու ինչ հիմքեր կհայտնաբերվեն, մենք այստեղ գտնվում ենք իրավական մեկ այլ՝ ոչ կարևոր հարթության մեջ, որը պարտավոր ենք ապահովել: Ձեր կողմից թվարկած և բազում այլ գործեր կարող են լինել, որոնցով որևէ մեկի արարքում հանցակազմի հատկանիշները չհիմնավորվեն»:
Հարցին՝ կարծում եք այդ գործերով քրեական տարրեր ի հայտ չեկա՞ն, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ոչ թե կարծում եմ, այլ գործով ձեռքբերված տվյալները միանգամայն դրա մասին են վկայում: Եթե գործը դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել, ուրիշ որևէ պատճառ այստեղ չի եղել»:
Հարցին՝ օրինակ «ՍԱՍ» սուպերմարկետի պարագայում հրապարակված ձայնագրությունը հիմք չէ՞ գործ հարուցելու համար, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ձայնագրությունները կարևոր փաստական տվյալ են, բայց ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել»:
Արթուր Դավթյանն ասաց, որ քրեական գործով այդ ձայնագրության հանգամանքները մանրամասն քննվել են, հարցաքննվել են ձայնագրության մեջ խոսող, միջոցառմանը մասնակցող անձինք, ուստի ձայնագրության առկայությունը կամ բացակայությունը «այստեղ որևէ կապ չունի», փաստն այն է՝ կատարված իրադարձությունը հանցակազմի հատկանիշներ պարունակում է, թե ոչ, իսկ հանցակազմի հատկանիշներ այս իրադարձությունը, նրա խոսքով, չի պարունակել:
Արթուր Դավթյանը հաստատեց, որ ձայնագրության մեջ խոսող անձը եղել է «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի եղբայրը, ով ևս հարցաքննվել է:
Հարցին՝ ի՞նչ է ասել հարցաքննության ժամանակ, ինչո՞ւ էր սպառնում մարդկանց, Արթուր Դավթյանը, ըստ էության, չպատասխանեց, ասաց, որ ձայնագրությունը կա, կարելի է վերցնել այն և ուսումնասիրել:
Tert.am