Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազար ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը:
Ըստ նրա՝ միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան աջակցություն:
«Երևանի քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում իրականացվող տոնական ծրագրերը մշտապես ուղեկցվում են սոցիալական բաղադրիչով: Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազար ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ: Մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաների համար էլ պատրաստվել են նվերների փաթեթներ: Բացի այդ, «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխա հնարավորություն կունենա անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», - տեղեկացրել է Արամ Սուքիասյանը: