ԵԺԿ-ն ԼՂ հիմնախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս մասին ասվում է նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում:
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովների ընթացքում»,- ասվում է ընդունված հռչակագրում: