Սմոլենսկում բժիշկները 20 րոպե անտեսել էին հիվանդանոցի հատակին պառկած, արյունահոսող վնասվածքներ ունեցող տղամարդուն (տեսանյութ 16+)
Աղմկահարույց դեպք է տեղի ունեցել ՌԴ Սմոլենսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, բժիշկների մոտ 20 րոպե անտեսել են հիվանդանոցի միջանցքի հատակին պառկած, բազմաթիվ արյունահոսող վնասվածքներ ունեցող տղամարդուն, ով ադրյունքում մահացել է:
Սարսափելի կադրերով տեսանյութը հրապարակել է Readovka.ru կայքը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռ 2017թ. հունիսին, սակայն համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում միայն նոյեմբերին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 47-ամյա տղամարդն իր ծննդյան օրն էր նշում քաղաքի բարերից մեկում, երբ նրա և բարի երեք այլ այցելուների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Արդյունքում՝ տղամարդը կաստետով հարված է ստացել գլխի հատվածում: Շտապ օգնությունը նրան հիվանդանոց է բերել տեղական ժամանակով ժամը 23:00-ին: Ժամը 04:20-ին տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տղամարդը դուրս գալիս հիվանդասենյակներից մեկից և ընկնում հատակին՝ հարվածելով գլուխը: Նրա կողքով հիվանդանոցի աշխատողներ են անցնում, սակայն դրանցից ոչ մեկը որևէ օգնություն նրան չի տրամադրում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը փորձում կանգնել, սակայն մի քանի անգամ ընկնում և գլխով հարվածում հատակին:
Ժամը 4:40-ին նրան վերջապես բարձրացրել են, սակայն մի քանի ժամ անց տղամարդը հայտնվել է կոմայի մեջ, իսկ 11 օր անց՝ մահացել:
Հիվանդանոցի աշխատողները պատմել են, որ տղամարդը գտնվում էր ոգելից խմիչքի ազդեցության տակ և կոպիտ պահվածք դրսևորում:
Ուշագրավն այն է, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է գործը վարույթ ընդունել:
Zham.am