Նախարարության մի շարք ստորաբաժանումներ աշխատելու են հատուկ ռեժիմով
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է ՀՀ միջպետական և
հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման
շրջանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող
ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների
դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման
աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին`
չսպասելով լուսաբացին:
Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նախարարության լրատվական
ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները աշխատելու են հատուկ
ռեժիմով:
Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում և
ԶԼՄ-ներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու
հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի
վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում
օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության,
կավելանա:
Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ
կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության
մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում
գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային
սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:
Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն