Այսօր Ուսանողության միջազգային օրն է
Ուսանողների միջազգային օրը (International Students' Day) աշխարհի մի շարք երկրներում նշվում է 1946 թ.-ից՝ նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ:
Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նույնպես տոնում են Ուսանողության միջազգային օրը։ Հայաստանում տոնի հիմնական նպատակն ուսանողներին ակտիվության մղելն է' իրենց համալսարանական կյանքը հետաքրքիր և նոր դարձնելը: